1 Samuel 29
1 Եւ Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին Ափեկ. Եւ իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի աղբիւրի մօտ։
2 Եւ Փղշտացիների նախարարները անց էին կենում հարիւրաւորներովը եւ հազարաւորներովը. Եւ Դաւիթն եւ իր մարդիկը նորանց ետեւիցը անց էին կենում Անքուսի հետ։
3 Եւ Փղշտացիների իշխաններն ասեցին. Այս Եբրայեցիներն ի՞նչ են։ Եւ Անքուսը Փղշտացիների իշխաններին ասեց. Սա Իսրայէլի թագաւոր Սաւուղի ծառա Դաւիթը չէ՞, որ այսչափ օրերից՝ կամ մանաւանդ այսչափ տարիներից ի վեր ինձ մօտ է. Եւ նորա այս կողմն անցած օրիցը մինչեւ այս օրը նորա վերայ ոչ մի բան չգտայ։
4 Եւ Փղշտացիների իշխանները նորա վերայ բարկացան, եւ փղշտացիների իշխանները նորան ասեցին. Այդ մարդը ետ ուղարկիր, որ գնայ իր տեղը, ուր որ նորան դրիր, եւ մեզ հետ չիջնէ պատերազմի, մի գուցէ պատերազմի մէջ մեզ թշնամութիւն անէ. Որովհետեւ նա ի՞նչով պիտի հաշտուի իր տիրոջ հետ, չէ՞ որ այս մարդկանց գլուխներովը։
5 Սա այն Դաւիթը չէ՞ որի համար կանայքը պար բռնելով եւ պատասխանելով ասում էին. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։
6 Եւ Անքուսը Դաւիթին կանչեց եւ նորան ասեց. Տէրը կենդանի է որ դու ուղիղ մարդ ես, եւ ինձ հետ բանակի մէջ մտնելդ ու դուրս գալդ իմ աչքին բարի է երեւում. Որովհետեւ ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այս օրը քեզ վերայ մի չարութիւն չգտայ. Բայց նախարարների աչքին դու լաւ չես երեւում.
7 Եւ հիմա ետ դարձիր եւ խաղաղութեամբ գնա, եւ Փղշտացիների նախարարների աչքին վատ երեւացածը մի անիր։
8 Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ես ի՞նչ եմ արել, եւ քո առաջիդ կանգնած օրից մինչեւ այս օրը ծառայիդ վերայ ի՞նչ գտար, որ ես չգնամ եւ իմ տէր թագաւորի թշնամիների հետ պատերազմ չանեմ։
9 Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չգայ պատերազմի։
10 Եւ հիմա առաւօտը կանուխ վեր կաց՝ դու եւ քո տիրոջ ծառաները՝ որոնք եկան քեզ հետ, եւ առաւօտը կանուխ վեր կացած լուսածագին գնացէք։
11 Եւ Դաւիթն ինքը եւ իր մարդիկը առաւօտը կանուխ վեր կացան որ գնան, եւ Փղշտացիների երկիրը դառնան իսկ Փղշտացիները վեր ելան Յեզրայէլ։